ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին:
«ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և այն ճանաչող ու դատապարտող բանաձև ընդունելու համար:
Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը և աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Սահակյանը նշել է, որ Գերմանիան հերթական անգամ ապացուցել է, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը և բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: «Ընդունված բանաձևը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը», – եզրափակել է ԱԺ նախագահը:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
ՀՀ նախագահը՝ Գերմանիայի ղեկավարությանը. Իսկապես պատմական քայլ էր
Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին





