ԼՂՀ Ազգային ժողովի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
Մասնավորապես, կասկածյալներ Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:
Հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի պահին մեղադրյալների հագին եղած հագուստը (համազգեստը), տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, ինչպես նաև տուժողի լրացուցիչ հարցաքննություններ:
Հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Հունիսի 6-ին ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանն առևանգվել և ծեծի էր ենթարկվել: Մեկնաբանելով բռնության դրվագը, Խանումյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:





