2016-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը պակասել է: Այդ են վկայում ՌԴ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի դիտարկման տվյալները, հայտնում է Kommersant-ը:
2016-ին այլ երկրներից ՌԴ է ժամանել 133.000 մարդ, երկրից մեկնել է` 62.000, տարբերությունը կազմել է 71.000 մարդ:
Առաջին եռամսյակում աճել է ՌԴ միագրացիոն փոխանակումը ԱՊՀ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, Թուրքմենստանի և Բելառուսի: Կայունացել է ներգաղթը Ուկրաինայից, որը սակայն, շարունակում է մնալ ՌԴ հիմնական միգրացիոն դոնորը:
Նախկինում վերլուծաբաններին մտահոգում էր այն հանգամանքը, որ ներգաղթի ցուցանիշները զգալիորեն զիջում էին արտագաղթի ցուցանիշները: Այդպես, 2015-ի առաջին կեսին ՌԴ ժամանածների քանակն աճել էր 3%-ով, իսկ մեկնածներինը` 18,2%-ով: Այժմ, դիտարկման հեղինակները, խոստովանելով, որ ժամանումների աճը ՌԴ «գործնականում դադարել է», ակնկալում են, որ 2016-ին այն կկայունանա կամ նույնիսկ կնվազի: Զեկույցի հեղինակները զգուշացրել են, որ արտագաղթը ՌԴ-ից «թերի է հաշվառվում»:
2016-ի ապրիլի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 472 հազար քաղաքացի: Այդ մասին ասվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության տվյալներում: Այդպիսով` ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը 2016-ի ապրիլին 2015-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 16.5 հազարով: Ընդ որում, աշխատունակների քանակը նվազել է 14.6 հազարով: Իսկ 1 տարի 3 ամսում ՌԴ-ում գտնվող աշխատունակ տարիքի հայաստանցիների քանակը կրճատվել է մոտ 50 հազարով:
Ընթերցեք նաև. Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը շարունակում է նվազել





