AM
16 Հունիս 2016 - 09:59 AMT

ՀՀ և Չեխիայի միջև ռազմատեխնիկական գործակցության աշխատանքային խումբ կարող է ստեղծվել

2016-ի հունիսի 13-15-ը աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և Չեխիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի կատարման ընթացքը, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը, ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը:

Դիտարկվել է նաև հայ-չեխական Հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերն և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը: Պաշտպանության նախարարի՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում էր: