AM
27 Հուլիս 2016 - 14:53 AMT

Պատանդված բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը

ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա դրական է պատասխանել հարցին, արդյոք զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«- Դուք հիմա ՊՊԾ գնդի տարածքո՞ւմ եք:

– Այո:

– Ձեզ այդտեղ որպես պատա՞նդ են պահում:

– Այո:

– Կա՞ն այդտեղ հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:

– Մեկ հոգի կա:

– Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել:

– Ոչ:

– Ձեր մյուս գործընկերները նույն վիճակում են՝ ինչ դո՞ւք:

– Այո:

– Իսկ հիվանդների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է:

– Ոչ:

– Զինված խմբին բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:

– Այո»:

Առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», – նշել է նա: