ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Այս մասին օգոստոսի 30-ին Վարշավայում մեկնարկած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպման շրջանակում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Նաղդալյանն իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների և դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին»,-ընդգծել է Նաղդալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը թեև դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:
Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրի միջև միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաև երկու երկրների նախագահների մակարդակով:
ԱԺ փոխնախագահն իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ:
Նաղդալյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից դեռևս 2005թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ:





