AM
31 Օգոստոս 2016 - 12:08 AMT

Նախագահ. Ձգտում ենք համակողմանի ու փոխշահավետ գործակցել Ճապոնիայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահն ընդգծել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, և մեր երկիրը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Սարգսյանը հույս է հայտնել, որ Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկու երկրի միջխորհրդարանական կապերի սերտացմանը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով այդ ոլորտում հայ-ճապոնական գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները հիշել են 2012թ. ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցը, որը, նրանց համոզմամբ, նոր հնարավորություններ բացեց երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Էտոն, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում, պատրաստակամություն է հայտնել անել ամեն հնարավորը ակտիվացնելու խորհրդարանականների միջև շփումներն ու նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև այդ ամենը ամուր հիմք դարձնելու երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:

Կողմերը քննարկել են փոխշահավետ տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հնարավորություններն ու ներուժը: