Հայաստանը սատարել և սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նրա դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, իսկ մնացածը զուտ քաղաքական շահարկումներ են: Այդ մասին լրագրողներին է ասել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՀՀ նախագահը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Աբխազիայի պատվիրակության հետ:
Ըստ վարչապետի, Վրաստանում ՀՀ դեսպանը հայտարարություն է տարածել, որ նման հանդիպում չի եղել, առավել ևս չեն եղել պաշտոնական բանակցություններ:
«Հայաստանը մեր կարևոր գործընկերն է, հարևանն ու բարեկամ պետությունը և այդ կողմից ռիսկերը բացակայում են»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթին ներկա են եղել ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ 3 չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված կազմավորումների`Աբխազիայի (ճանաչված է ՌԴ կողմից), Հարավային Օսեթիայի (ճանաչված է ՌԴ կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունները:





