AM
9 Սեպտեմբեր 2016 - 09:06 AMT

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու

Դատախազության առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է աշխատանքի հրապարակայնության ապահովումը: Այս մասին սեպտեմբերի 9-ին խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:

«Քանի որ առաջին հանդիպումն էր ՀՀԿ-ի հետ, հարցերը վերաբերում էին իմ կենսագրականին և իմ հետագա գործունեության հետ կապված տեսլականին»,-ասել է Դավթյանը, մեջբերում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչպիսին է այդ տեսլականը, քանի որ հանրության շրջանում անվստահություն կա Դատախազության նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանել է. «Դատախազությունը տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք է կատարում, բավական չափով բարեփոխումներ է իրականացրել մինչև օրս. այժմ ստեղծված դրական աշխատանքը պահելու և առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն կա»:

«Ես կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է մեր աշխատանքի հրապարակայնության անհրաժեշտությունը: Առաջիկայում մենք ավելի հաճախակի կշփվենք, մեր աշխատանքն առավել հաճախակի կներկայացնենք, մասնագիտական առումով կպարզաբանենք մեր կողմից կայացվող որոշումները»:

Քաղաքական պատճառներով մարդկանց ձերբակալման վերաբերյալ հարցին՝ գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց.

«Նման մարդիկ Հայաստանում չկան։ Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով»:

Հարցին, թե պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դատախազի թեկնածուն պատասխանել է. «Իհարկե, պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»:

Հարցին, թե այդ դեպքում ինչ է փոխվում, եթե դատախազի թեկնածուն է պնդում, որ չկան երկրում քաղբանտարկյալներ, Արթուր Դավթյանը ի պատասխան հարցրեց. «Ովքե՞ր են ասում, որ կան քաղբանտարկյալներ, որ ես էլ ոչինչ չեմ փոխելու»:

Լրագրողների դիտարկմանը, թե հանրությունն է ասում և նաև անուններ նշում՝ Շանթ Հարությունյան, Գևորգ Սաֆարյան, Դավթյանը պատասխանեց.«Ես չեմ կարող վստահ լինել, որ որևէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով դիմեց ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Նրա հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Կարդացեք նաև՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն սկսել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները