AM
9 Սեպտեմբեր 2016 - 10:08 AMT

ՀԽ-ն կոչ է արել ՀՀ 3 նախագահին Անկախության օրը միասին հանդես գալ

Հանրային խորհուրդը Անկախության 25-ամյակի առթիվ կոչով կդիմի ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության: Այս մասին առաչարկը հնչել է սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Եթե նախագահներն ընդունեն առաջարկը, սա կլինի առաջին դեպքը, երբ ՀՀ 3 նախագահները հանդես կգան միասին:

Քննարկման թեմա են դարձել նաև ամերիկյան ընկերությանը խոշոր գումարի դիմաց պատվիրված և հասարակության լայն շրջանակների կողմից հավանության չարժանացած Հայաստանի ազգային բրենդն ու կարգախոսը: Որոշվել է հարցի վերաբերյալ ՀԽ մշակույթի ենթահանձնաժողում կազմակերպել համակողմանի քննարկում և ներկայացնել դիրքորոշում:

Քննարկվել է նաև Անկախության 25-ամյակի տոնական միջոցառումենրի շրջանակներում «Անկախության սերունդ» խորագրով համերգային ծրագրի համար պետական բյուջեից հսկայական գումար հատկացնելու հարցը, որը նույնպես դժգոհության ալիք է բարձրացրել հանրության որոշակի շրջանակներում: Այս հարցը նույնպես կքննարկվի ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում:

Ապրիլյան պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացել է նրա և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: