AM
14 Սեպտեմբեր 2016 - 08:50 AMT

Նալբանդյանը Բիշքեկում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Aysor.am-ը գրում է, որ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա նաև ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահությամբ:

Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին: Իսկ օրվա առաջին կեսին կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում նախարարները կքննարկեն պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը:

ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված է 16 հարց, կքննարկեն պետությունների ղեկավարների կողմից ստորագրման պատրաստված համատեղ հայտարարությունների տեքստերը, այդ թվում ԱՊՀ-ի 25-ամյակի առթիվ համատեղ հայտարարությունը, որում ամփոփված են Համագործակցության գործունեության արդյունքները և նախանշված են համագործակցության ընդլայնման ու խորացման պլանները:

ԱՊՀ ԱԳ նախարարները կքննարկեն 2017-2019 թվականներին հատուկ ծառայությունների գծով ահաբեկչությանը հակազդման ծրագիրը, իրավապահ մարմինների գծով 2016-2020 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների հանցավոր օգտագործմանը հակազդելու ծրագիրը, ինչպես նաեւ 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում մարդահամարի անցկացման հարցը: