Սեպտեմբերի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Մելիք գյուղում(Արագածոտնի մարզ) բացել է համայնքի միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգել է արգենտինահայ Հրաչ և Մարի Սուրենյան ամուսինների օժանդակությամբ:
Բացման արարողությունը կայացել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, ծրագրի հովանավոր ամուսնների, արգենտինահայ բարերարների ավելի քան երկու տասնյակ հյուրերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, պաշտոնյաներ, հյուրեր:
Հանդիսությունը մեկնարկել է համայնքի Սուրբ Հովհաննես (1895թ) եկեղեցում մատուցված սուրբ պատարագով, որի ընթացքում կատարումով հոգևորականներին միացել է նաև բարերար, սարկավագ Հրաչ Սուրենյանը:
Տոնական օրը տեղի է ունեցել նաև բարերարների հովանավորությամբ համայնքի 17 երեխայի մկրտությամբ: Դրանից անմիջապես հետո մեկնարկել է վերանորոգված դպրոցի բացման հանդիսությունը, որը եզրափակվեց ազգային երգ ու պարով, ասմունքով:
«Ամեն երկիր ունի զարգացման իր ռեսուրսը, Հայաստանի դեպքում դա գիտելիքն է, որը ձևավորվում և ամրապնդվում է դպրոցում: Այստեղ է կրթվում Հայաստանի այն ապագան, որի մասին բոլորս երազում ենք: Մաղթում եմ, որ լավ կրթություն ստանաք և այն ներդնեք հայրենիքի շենացման գործում»,- ողջույնի խոսքում նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Գյուղապետ Դերենիկ Շահբազյանը համայնքի անունից Սուրենյաններին Մելիքի պատվավոր քաղաքացու հավաստագիր հանձնեց:
1994թ.-ի կառույցը հիմնանորոգումից հետո ունի՝ նոր տանիք, դռներ ու պատուհաններ, սանհանգույցներ, վերափոխված հատակ, էլեկտրականության նոր համակարգ: Արդիականացվել է նաև շենքի արտաքին տեսքը. կատարվել է արտաքին պատերի հարդարում, նորացվել նախամուտքը, բարեկարգվել բակային տարածքը:
Նորակառույց կաթսայատունն ու ջեռուցման համակարգն էլ թույլ են տալիս դասերը հարմարավետ պայմաններում անցկացնել նաև ցուրտ ամիսներին, ինչը կարևոր է խստաշունչ կլիմա ունեցող այս տեղանքի համար:
Կրթօջախում այսօր ուսանում է 153 աշակերտ: Դպրոցի տնօրեն Արթուր Ղևոնդյանի խոսքով՝ 12-ամյա կրթություն ստանալուց հետո, ամեն տարի 8-ից 10 շրջանավարտ ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում:
17-րդ դարում հիմնված գյուղն ունի մոտ 1300 բնակիչ: Համայնքը գտնվում է Ապարանից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, և ունի բարձրալեռնային շրջանին բնորոշ խիստ կլիմա:





