Ազգային ժողովի սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ:
Օրինագիծն ընդունվել է 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայնով, հայտնում է Tert.am-ը:
Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 26-ին ինքը և այլ պատգամավորներ մի քանի դիտողություններով ու առաջարկներով հանդես են եկել և հարցրել, թե դրանք ընդունվելու են, թե ոչ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ սա դեռ առաջին ընթերցումն է, դրան կանդրադառնան երկրորդ ընթերցմամբ։
Նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:





