ԱՊՀ-ում հուսով են, որ ԱՄՆ-ն շուտով կհրաժարվի պատժամիջոցների քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն կհրաժարվի ՌԴ դեմ պատժամիջոցների քաղաքականությունից: Պատժամիջոցների աննպատակահարմարության մասին եվրոպացիների ձայնը գնալով լսելի է դառնում»,-ասել է Լեբեդևը Մինսկում, որտեղ անցնում է ԱՊՀ ստեղծման 25-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովը:
Նա նշել է, որ ԱՊՀ երկրները «միշտ միտված են կառուցողական աշխատանքի ու հարաբերությունների արևմտյան և արևելյան գործընկերների հետ:
Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: 2016-ի մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 1 տարով երկարացնելու մասին: Ըստ հրամանագրի, երկարացման համար հիմք են հանդիսացել ՌԴ գործողություններն Ուկրաինայի հանդեպ:
Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ցուցակը` ներառելով ևս 11 ռուսական ընկերություն: Ընդհանուր առմամբ ցանկում 81 կազմակերպություն կա, որտեղ ռուսականներից բացի ներառված են նաև կորպորացիաներ Հնդկաստանից և Հոնկոնգից:Ավելի վաղ պատժամիջոցների ցանկն ընդլայնել էր նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը` սահմանափակումները տարածվեցին ևս 20 կազմակերպության և 17 ֆիզիկական անձի վրա:





