AM
2 Հոկտեմբեր 2016 - 14:28 AMT

ՄԻՊ. Առերևույթ խախտումների մասին վկայող հաղորդումներ են ստացվել

Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:

ՄԻՊ գրասենյակը հայտարարությունում նշում է, որ արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:« Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է արձանագրվել Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում: Ստացվել են նաև հաղորդումներ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու և այլ դեպքերի վերաբերյալ», – ասվում է հայտարարությունում:

«Բոլոր հաղորդումները ներկայում մանրամասն ուսումնասիրվում են: Քվեարկության ավարտից հետո դրանք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում սահմանված կարգով կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմինների քննարկմանը», – նշվում է հաղորդագրությունում:

18:30 դրությամբ, Transparency International «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 126 խախտում է գրանցել: