AM
4 Հոկտեմբեր 2016 - 08:17 AMT

ՀԱԿ-ը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. Անձնական կապեր, ընտրակաշառք, վարչական լծակներ

«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել 2016-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ պետք է անցկացվեին կուսակցական սկզբունքով, Հայ ազգային կոնգրեսը որոշում է ընդունել մասնակցել դրանց: Ակնկալում էինք, որ տեղի կունենա քաղաքական ծրագրերի և դիրքորոշումների մրցակցություն: Դա հնարավորություն էր ստեղծում ընտրությունները բարձրացնելու քաղաքական մակարդակի, ինչը ՀԱԿ-ին մշտապես հաջողվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

«Սակայն, հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների կանխամտածված քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել», – շեշտում է ՀԱԿ-ը:

Նշվում է, որ Հայ ազգային կոնգրեսին, ցավոք, չհաջոցվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու ոչ դյուրին խնդիրը, ինչը պայմանավորված էր մի կողմից տեղական ընտրությունների արմատացած կլանային բնույթով, մյուս կողմից՝ խնդրի բարդությունը թերագնահատելու հետ կապված ընտրարշավի մեր տակտիկական բացթողումներով:

Չստանալով քաղաքական բնույթ, ընտրությունները շարունակեցին մնալ փողի, վարչական լծակների, կենցաղային ծառայություններ մատուցելու, ընտրողների վրա ապօրինաբար ազդելու և ուղղորդելու բազմաթիվ այլ ձևերի մրցակցություն: Այդ ամենը կրում էր համակարգային բնույթ, մանրամասն մշակված ցանցային մեխանիզմների կիրառմամբ:

Նշվում է, որ ՀԱԿ-ը կանի անհրաժեշտ հետևություններ այս ամենից և կմշակի կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ: Հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը, առաջիկայում բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու նպատակով:

Հոկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե կամ 34.7%։ 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 9344 քվե կամ 21.6%, 3-րդում՝ «Հայկական Վերածնունդ»-ը՝ 4578 քվե կամ 10.6%: ԳԱԼԱ-ն ստացել է 4517 քվե կամ 10.45%, «Գյումրեցու ոգին»՝ 2475 քվե, Համախմբումը՝ 2469 քվե, ՀՅԴ-ն՝ 2313 քվե, «Ալյանս»-ը՝ 774 քվե, Գործարար կուսակցությունը՝ 556 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 քվե, ՀԱԿ-ը՝ 471 քվե:

Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրությունների նախնական արդյունքներով Հանրապետական կուսակցությունը ստացել է 14889 քվե կամ 37.54%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 10899 քվե կամ 27.5%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 5286 քվե կամ 13.3%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 2872 քվե կամ 7.2%, Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2522, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1617 քվե, «Համախմբում» կուսակցություն՝ 984, Հայ Ազգային կոնգրես՝ 551 քվե: