Գյումրիում ավագանու անդամի ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բանակցություններ է վարել «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ ու արդյունքները դրական են։ Այս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Գյումրիում «Հայկական վերածնունդի» մեր գործընկերների հետ քննարկել ենք, և իրենք ավագանու նիստում պատաստ են սատարել Վարդևան Գրիգորյանին», -տեղեկացրել է Զոհրաբյանը, մեջբերում է Panorama.am-ը։
Ընտրություններում համեմատաբար շատ ձայներ ստացած և ձայների քանակով չորրորդ տեղը զբաղեցրած ԳԱԼԱ կուսակցության հետ բանակցությունները, ըստ ԲՀԿ նախագահի, դեռ շարունակվում են. «Մենք երեքով՝ ԲՀԿ, ՀՎԿ և ԳԱԼԱ, ունենք 18 քվե, այսինքն մենք կարող ենք առաջադրել մեր թեկնածուին», -հավելել է նա։
ԲՀԿ նախագահը տարօրինակ է համարել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հաշվարկները, որոնց համաձայն Սամվել Բալասանյանը քաղաքապետի թեկնածու է, իսկ «Բալասանյան» դաշինքը հավաքել է անհրաժեշտ քվեները։
«Եթե կարողանան ապացուցել, որ «Բալասանյան» դաշինքն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, և նոբելյան մրցանակ կստանան ՀՀԿ անդամնեը։ Բոլոր հաշվարներով անգամ անհրաժեշտ 6 տոկոս անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների բոնուսները որ գնա «Բալասանյան» դաշինքին, անգամ այդ դեպքում այդ դաշինքն ունի 15 քվե՝ անհրաժեշտ 17-ի փոխարեն», -հայտարարել է Զոհրաբյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի՝ հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե կամ 34.7%։ 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 9344 քվե կամ 21.6%, 3-րդում՝ «Հայկական Վերածնունդ»-ը՝ 4578 քվե կամ 10.6%: ԳԱԼԱ-ն ստացել է 4517 քվե կամ 10.45%, «Գյումրեցու ոգին»՝ 2475 քվե, Համախմբումը՝ 2469 քվե, ՀՅԴ-ն՝ 2313 քվե, «Ալյանս»-ը՝ 774 քվե, Գործարար կուսակցությունը՝ 556 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 քվե, ՀԱԿ-ը՝ 471 քվե:





