AM
22 Հոկտեմբեր 2016 - 06:49 AMT

2.728 սիրիահայ ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնություն է ստացել

Հալեպում բնակվող 2.728 հայ ստացել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:

Հալեպի «Գանձասար» պարբերականը սիրիահայության Շտապ օգնության և վերականգնման գործադիր մարմնին հղումով հաղորդում է, որ նախապես հաղորդագրություն էր տարածվել` ժողովրդին հրավիրելով Սբ Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները:

Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-ից 21-ը և շարունակվում է ըստ հայտարարված ժամանակացույցի:

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հոկտեմբերի 7-ին հասել էր Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին: