Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում այս մասին բարձրաձայնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ դրա պատճառով տուժում է ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալական անապահով վճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են սննդամթերքն արհեստականորեն ուռճացված գներով գնել:
Panorama.am-ը գրում է, որ ըստ նրա, դրանից տուժում է բիզնեսը, որովհետև փակ է մրցակցության համար, նաև չհիմնավորված ծախսերի պատճառով: Զուրաբյանը նաև ասել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ բոլորն այսուհետ առանց խոչընդոտների կարող են զբաղվել ներկրմամբ, «եթե խոչընդոտներ լինեն, առաջարկել է Պետրոս Ղազարյանին զանգահարել իր հեռախոսին և այդ մասին հայտնել»:
Ընդդիրմադիր պատգամավորի կարծիքով դա հարցի լուծում չէ, նա առաջարկել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին այս հարցը հասարակության ուշադրության կենտրոնում դնելու նպատակով հրավիրել ԱԺ լսումներ:
«Եկեք այս հարցերն իսկապես դարձնենք լուրջ քննարկման առարկա: Կարևոր է, որ թափանցիկ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անհետաձգելի միջոցառումներ անցկացնենք, որպեսզի ապօրինի մենաշնորհները վերացվի: Կարծում եմ՝ հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից է: Սրանից բոլորս կշահենք, եթե անցկացնենք լսումներ»,- ասել է նա:
Գալուստ Սահակյանը նշել է, որ միշտ էլ կարող են անցկացնել լսումնել, բայց նախ և առաջ փաստեր են պետք:
«Առավել ևս, եթե վարչապետն այդ մասին խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի: Բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող: Պետք է մի փոքր սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անում, այդ իմաստով եթե դրա անհրաժեշտությունը լինի, հրավիրել նաև կառավարությանը»,- ասել է ԱԺ նախագահը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե մենաշնորհի մասին վարչապետի հայտարարությանը հակասող դեպքեր կան՝ բերելով 2 օրինակ: Առաջինը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարությամբ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին (խոսքը այլուրի, հացի, հացահատիկի մասին է). ըստ Բադասյանի՝ պրն. Հակոբյանը կոռուպցիոն չարաշահուներ է թույլ տվել:
«Ես կարծում եմ՝ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս խնդիրին և նաև ԱԺ-ում հանդես գա հատուկ պարզաբանմամբ»,- ասել է նա:
Երկրորդ խնդիրը վերաբերում է դիզելային վառելիքի ներկրմանը: Ըստ ահազանգի՝ ներկրվող դիզելային վառելիքի չափանիշներն այնպես են փոխվել, որ փաստացի ՀՀ կարող է ներմուծվել միայն ՌԴ-ում արտադրված վառելիք:
«Եթե սա համապատասխանում է իրականությանը, ստացվում է, որ Կառավարությունը, որոշակի սահմանափակումներ դնելով, կոնկրետ դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար»,- ասել է նա՝ նշելով, որ այս թեմայով ևս սպասում է պարզաբանման:
Հոկտեմբերի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե նոր կառավարությունը չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար:
Ճշտող հարցին, թե ճիշտ է եզրակացնել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել, վարչապետը դրական է պատասխանել: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք», – շեշտել է նա:
Կարդացեք նաև՝Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ





