AM
31 Հոկտեմբեր 2016 - 08:40 AMT

Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված դատավորին ու փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (Դատավորի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համարդատավորի կողմից. պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: