AM
1 Նոյեմբեր 2016 - 08:23 AMT

Թուրքիայում պատգամավորները դատապարտել են ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորներն ակցիա են իրականացրել Cumhuriyet թերթի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն թերթի 13 աշխատակցի, ովքեր հոկտեմբերի 31-ին ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից:

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն և ևս 8 աշխատակից, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» չանդամակցելով հանդերձ նրանց օգտին գործելով» հանցանք կատարելու մեջ:

Շենքի դիմաց հավաքված պատգամավորների շարքում է եղել նաև «ԺՀԿ»-ի՝ ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում քննադատել է թուրքական ոստիկանության գործողությունները, ինչպես նաև երկրում արտակարգ դրության երկարաձգումը: Ըստ Դողանի՝ արտակարգ դրությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում թուրքական ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունները, իրականում չարաշահվում է իշխանությունների կողմից:

«Մենք այսօր այստեղ ենք օրենքի գերակայությունը պաշտպանելու համար, քանի որ արտակարգ դրությունը չարաշահվում է»,-ասել է Դողանը, մեջբերում է Ermenihaber.am-ը:

Ըստ նրա` PKK-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքի հիման վրա տեղի ունցած ձերբակալությունները իրականում նպատակ ունեն վախեցնել երկրի բնակչության 50%-ին:

«Անհրաժեշտ է, որ բոլորը այստեղ հավաքվեն և տեր կանգնեն օրենքին: Cumhuriyet թերթը հանրապետությանը պաշտպանող ամենագլխավոր կառույցն է: Հիմնադրման օրվանից ի վեր պայքարել է հեղաշրջումների դեմ: Նրան որևէ ահաբեկչական կառույցի հետ կապելը ցույց է տալիս, որ այս երկրում ոչ մի ընդդիմադիր ուժի ձայն չեն հադուրժում»,-ասել է Դողանը:

Cumhuriyet թերթի ձերբակալված աշխատակիցների թվում է նաև թուրք հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Հոդվածներից մեկում նա անգամ կոչ էր արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին։ Երևան այցի ժամանակ նա ծաղիկներ էր դրել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։