Թեթև թմրանյութերի օրինականացումն անընդունելի է ՀԱՊԿ երկրների համար: Այսպիսի կարծիք է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների Թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդող իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Իգոր Զուբովը:
«Աշխարհում նկատվում է թեթև թմրանյութերի օրինականացման միտում: Գնալով ավելանում է այն երկրների թիվը, որոնք միանում են այդ գաղափարին, օրենքներ են ընդունում, որոնք օրինականացնում են դրանց օգտագործումը: Մեր երկրների համար նման իրավիճակն անընդունելի է: Առնվազն մեր մասով մենք առաջիկայում նման հնարավորություն չենք տեսնում»,-ասել է Զուբովը մամուլի ասուլիսում, հայտնում է «Sputnik-Արմենիան»:
Աստանայում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդող իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 18-րդ նիստը:
Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:





