AM
28 Նոյեմբեր 2016 - 07:14 AMT

ՀՀ-ում կարող է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում ներդրվել

Մինչև 2018 թվականը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում կարող է ներառվել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը՝ նշելով, որ համապատասխան հարցով արդեն իսկ դիմել են նախարարին և սպասում են նրա հաստատմանը:

Մասնագետը պնդում է՝ ՄՊՊ պատվաստումների ազդեցությունը սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է:

ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 14.6), առաջնային հայտնաբերումը 70% դեպքերում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում:

«Ամբողջ աշխարհում 64 երկիր՝ Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Շվեցարիա, Անգլիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա և այլն, իրենց պատվաստումների ազգային օրացույցում արդեն իսկ ներդրել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, և այդ երկրների փորձը վկայում է ՄՊՊ պատվաստումների արդյունավետության մասին: Օրինակ, Ավստրալիայում, որտեղ այս պատվաստումը ներդրվել է 2007-ին, հետազոտությունները ցույց են տվել, որ 5 տարվա կտրվածքով 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները (գորտնուկները) մինչև 21 տարեկան և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ հատկանշական է նաև այն, որ հանրային անընկալության, իմունիտետի ձևավորման արդյունքում դրանք 82%-ով նվազել են նաև վերոհիշյալ տարիքային խմբերի տղամարդկանց շրջանում, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս չեն պատվաստվել:

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերը ռեկոմբինանտ պատվաստանյութեր են և իրենցից ներկայացնում են օնկոգեն շճատիպերի L1 կապսիդային մաքրված սպիտակուցներ, չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ:

ՄՊՊ պատվաստումների բարձր արդյունավետություն է արձանագրվել նաև Դանիայում 2009 թվականին ներդրված պատվաստումներից հետո: Հատկապես ակնառու է 16-17 տարեկան կանանց շրջանում սեռական կոնդիլոմաների կտրուկ նվազումը: Պատվաստումներն իրականացվել են 12-15 տարեկան աղջիկների շրջանում՝ ապահովելով 80-85% ընդգրկվածություն:

Գայանե Սահակյանը նշեց նաև, որ վերջին 10 տարվա ընթացքում ամբողջ աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՊ պատվաստում, որոնց արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՊ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սքրինիգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում 2015 թվականին իրականացվել է 58.602 կնոջ ՊԱՊ-թեսթ, ընդ որում 35%-ը՝ 30-40 տարեկան, 30.1%-ը՝ 41-50 տարեկան, 36.4%-ը՝ 51-60 տարեկան: Հետազոտությունների արդյունքում 7.1% կանանց մոտ հայտնաբերվել են արգանդի վզիկի ախտաբանական փոփոխություններ, իսկ 0.6%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմա: