AM
21 Դեկտեմբեր 2016 - 08:31 AMT

Ուսումնասիրություն. Հայաստանի երեխաների 40%-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության

Հայաստանում ծնողների 40%-ը երեխաների դաստիարակության համար օգտագործում են ֆիզիկական բռնություն: Տվյալները հրապարակել է «Երեխաների պաշտպանության ցանց» կազմակերպությունը՝ հիմնվելով սեփական ուսումնասիրությունների վրա:

«Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի նախագահ Միրա Անտոնյանը դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, թե ընտանեկան բռնությունների դեպքերն ավելի շատ են, քան հայտնի է դառնում իրավապահներին, և առկա տվյալները ոչ այնքան ճշգրիտ են, գրում է A1plus.am-ը:

Նրա կարծիքով՝ հասարակության ակտիվությունն ու վերաբերմունքը շատ կարևոր է ընտանեկան բռնությունների դեմ պայքարելու համար. «Շատ է քննարկվում՝ արդյոք երեխաներին ֆիզիկական վնասվածք հասցրած հայրը պետք է տուգանվի 30.000 դրամով, թե պետք է ազատազրկվի: Սա աղմկահարույց դեպք էր, սակայն միակ դեպքը չէ: Սոցիալական աշխատողի միջոցով ընտանեկան բռնությունների դեպքերը խաղաղ ավարտի հասցնելը շատ ավելի համոզիչ է և արդյունավետ: Պետք է այսպիսի համակարգ ներդրվի: Եթե այս սենսացիոն դեպքերը չլինեն, գուցե շատերը չխոսեին բռնությունների մասին»:

«Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Նունե Գեղամյանի պնդմամբ էլ պետք է խնդրին մոտեցումները փոխվեն, այդ թվում նաև՝ պետության կողմից. «Կիրառելի տարբերակ է, որ բռնություն գործադրողը հեռացվի ընտանիքից: Շատ պարագաներում սխալ է երեխային հեռացնել ընտանիքից, քանի որ դա նրա զարգացման կարևոր միջավայր է: Կարիք կա, որ պետությունը բռնություն ենթարկողին և ենթարկվողին վերականգնողական ծառայություններ մատուցի»:

«Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ Արշակ Գասպարյան գնահատմամբ էլ՝ պետական կառույցները փորձում են երեխայի պաշտպանության խնդիրները լուծել ինքնագլուխ՝ անտեսելով հասարակական կառույցներին: «Ունենք պատասխանատուների ոչ գործընկերային մոտեցում: Պետք է հասկանանք, որ գործընկերություն սերմանելը արդյունքի հասնելու լավագույն ճանապարհն է»,- հավելել է Արշակ Գասպարյանը:

Վերջին օրերին մամուլում մի քանի հրապարակում եղավ՝ կապված երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության գործադրման դեպքերի և նրանց իրավունքների խախտման հետ: Մի դեպքում երեխաներ մահացան, որոշ դեպքեր ավարտվեցին վնասվածքներով: