ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել իր՝ դեկտեմբերի 17-ի ելույթի արձագանքների մասով:
ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է, որ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ղարաբաղյան հիմնահարց:Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներին, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ լուծման այլ տարբերակ, քան փուլային տարբերակն է, գոյություն չունի:
«18 տարի առաջ ասում էիք՝ կա, դե ցույց տվեք, գոյություն չունի: Այն, ինչ դրված է սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ:
Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97-ից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը», –հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
«Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին, և դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից», – մասնավորապես ասել է նա։
Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքով, դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես և Հայ Ազգային Կոնգրեսը որևէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետևյալ իրարահաջորդ քայլերը.
1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի.
2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.
3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.
4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաև Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.
5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.
6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։
ՀՀ առաջին նախագահը նշել է, որ 2007-ից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։
«Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։
Ստիպված եմ կրկնել, որ ես և Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որևէ կապ չունենք, այլև ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ ՀԱԿ կուսակցության դիրքորոշմանը, Տեր-Պետրոսյանի խոսքով, հակառակ այն իրողությանը, որ այն չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, «Մենք կողմ ենք դրա անհապաղ գործադրմանը, որովհետև՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, և բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը»։
«Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, և երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց իրենց, և ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են», – հավելել է ՀԱԿԿ նախագահը։





