AM
17 Հունվար 2017 - 10:04 AMT

Հասրաթյան. Ադրբեջանը նախապատրաստում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը Սենոր Հասրաթյանն անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությանը` նշելով, որ հակառակորդն այս կերպ սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի կողմից ապատեղեկատվություն տարածվեց առ այն, թե իբր Թովուզի շրջանի ուղղությամբ հայկական կողմն օգտագործել է «ինքնաշեն գրոհային անօդաչու թռչող սարք», իսկ այսօր էլ շրջանառության մեջ դրեց նույն ուղղությամբ «Շմել» տիպի ռեակտիվ հրանետի կիրառման մասին հորինվածքը: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»,- գրել է նա:

Սակայն, Հասրաթյանի խոսքով, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը:

Հունվարի 17-ին Ադրբեջանը տեղեկություն էր տարածել ՀՀ զինված ուժերի կողմից Թովուզի շրջանի ու Տավուշի մարզի սահմանին «Շմել» տիպի հրանետ կիրառելու մասին: Հայկական կողմը հերքել էր Բաքվի տարածած տեղեկությունը:

Կարդացեք նաև՝ Հասրաթյան. Ադրբեջանցի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է