AM
3 Փետրվար 2017 - 06:36 AMT

Հովհաննիսյան. ԵՄ հետ համատեղ ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Եվրոպական միության գործընկերների հետ փետրվարի 2-ին այցելել է ԵՄ ֆինանսական օժանդակությամբ կառուցված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենք, որտեղ տեղի է ունեցել ցուցատախտակի բացում:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են ու համակարգային:

Նախարարն արձանագրել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային:

«Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզ դանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների՝ թե արդարադատության համակարգում և թե մեր քաղաքացիների կյանքում»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սերտանալու և զարգանալու միտում ունի:

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլ պաշտոնատար անձինք: