Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում:
Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գրում է Aysor.am-ը:
2017-ի հունվարին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար:
Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է», – մասնավորապես ասված է Զաքարյանի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը:
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահն է 2007 թվականի նոյեմբերից: Մինչև այդ նա եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ: 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ:





