AM
10 Փետրվար 2017 - 14:20 AMT

Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը կբարելավի ՀՀ-ում ուռուցքաբանական ծառայությունները

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրել են ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-նշել է Ալթունյանը։

Հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։

Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ծանոթացրել է իրենց կլինիկայի կողմից մշակված մոդելին։

«Բժշկության, խնամքի և գիտության համակցված մեր մոդելը պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները և կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»,-նշել է նա` ներկայացնելով ներդրման քայլերի հաջորդականությունը։

Այն ենթադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում և մասնագետների թիրախավորված վերապատրաստում։ Նաև հավելել է, որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները և ակադեմիական գիտելիքները բժշկության և գիտության համակցմամբ ֆրանսիական մոդելի ներդրման ամուր հենք կդառնան։

«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ` Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի»,-շեշտել է նախարար Ալթունյանը` կարևորելով ինչպես ոլորտի նորագույն մեթոդներն ու բուժման առաջատար մոդելները մեր մասնագետներին արագ հասցնելու, այնպես էլ` նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնելու հնարավորությունը։

«Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Ալթունյանը։

Ճեպազրույցից հետո քննարկել են երկարատև համագործակցության ուղղությունները և նախնական ժամանակացույցը։