AM
17 Փետրվար 2017 - 07:53 AMT

Ղուկասյանը՝ ՔԿՀ-ից. Ուզում եմ ամրացնել ընդդիմադիրների ու հանրության կապը

Հասարակական-քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Կազմվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը, որում 18-րդ համարով ընդգրկված է Անդրիաս Ղուկասյանը:

«Մեր ժողովուրդը զրկված է ազատ և արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած և երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված:

Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուսակությունների և անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու և կաշառելու տհաճ գործընթացի: Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով: Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը և միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում», – ասել է Ղուկասյանը:

Նրա խոսքով, միանում է ընդդիմադիր կուսակցությունների պայքարին, որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգությունների հրահրում): Ղուկասյանը անազատության մեջ է 2016-ի հուլիսի 30-ից: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էր: