«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի առաջին համարը՝ Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ իրենց ծրագիրը շուտով պատրաստ կլինի և կներկայացնեն հանրությանը:
«Մեր քարոզարշավի ընթացքում ամենից շատ ես կարևորելու եմ Հայաստան-Արցախ անվտանգության խնդիրը»,- հայտնել է պաշտպանության նախկին նախարարը, գրում է Panorama.am-ը:
Խոսելով դաշինքի ցուցակի մասին, Օհանյանը նշել է, որ ընդգրկված են մարդկային բարձր որակներով, կրթվածությամբ աչքի ընկնող մարդիկ:
Դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի մասին խոսելով՝ նա նշել է, որ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, բարեկեցիկ կյանքից, եկել էր Հայաստան, տասը տարի եղել ԱԳ նախարար, բարձր մասնագիտական, մարդկային որակներով ողջ գործունեությունը նվիրել Հայաստանին:
Ցուցակի 11-րդ համարը զբաղնող Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա ներկայացմամբ, իր ազնվությամբ, հայրենասիրությամբ վաստակել է ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս:
Կարդացեք նաև՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի 20-յակը հայտնի է





