«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համակարգող խումբը կրկին դիմել է 12 կուսակցությանը, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել, աջակցել «Նաիրիտի» վերագործարկման հարցում, բարձրաձայնել մտահոգիչ խնդիրները:
Այդ կուսակցություններն են՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Հայ Ազգային Կոնգրես», «Համախմբում», «Ժառանգություն»,«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ Դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», Հայաստանի Դեմոկրատական, «Ալյանս» կուսակցություններ, «Միասնություն» համազգային շարժում։
2017 թվականի փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի լուծարման վարույթ, որով կասեցվել է ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու բաժնետիրոջ իրավունքները։
Կուսակցություններին ուղղված նամակում ասվում է, որ կառավարության կողմից 2016 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված մրցույթը ձևական և ժամանակ ձգձելու միջոց էր։
«Երկու հայտերը, այդ թվում՝ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ներկայացված, արժանացան անհայտ ճակատագրի, չամփոփվեցին արդյունքները, չներկայացվեց եզրակացություն։ Ստացվում է՝ այսպես կոչված մրցույթը հոգեկան ապրումներ, նյութական ծախսեր առաջացնելուց բացի ոչինչ չտվեց, իսկ ժամանակն աշխատեց հօգուտ Նաիրիտը կործանողների։
Այսպիսով, մեր մտավախություններն իրականություն են դառնում․ սնանկության անվան տակ Կառավարությունը նպատակ ուներ օտարելու Նաիրիտի հիմնական արտադրությունները՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ և պիտանի սարքավորումները, և ինչպես բազմիցս ենք բարձրաձայնել՝ թողնել միայն քլորի արտադրությունը՝ այն ռուսական ներդրողին հանձնելու նպատակով։ Այնինչ, կառավարությունը, ստանալով Նաիրիտի գույքի հանդեպ տնօրինելու և կառավարելու իրավունք, կարող է Նաիրիտը տրամադրել այնպիսի ներդրողի, որը պատրաստ է վերաթողարկել գործարանն ամբողջ հզորությամբ։ Ցավոք, աշխարհում հայտնի Նաիրիտի բրենդ հանդիսացող կաուչուկի արտադրությունը չի մտնում մեր կառավարության ծրագրերի մեջ», – ասված է նամակում։
Նաիրիտցիների խոսքով, թվում էր՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լավ պետք է հասկանար բրենդի արժեքը, և թե ինչ ռեսուրսներ են ծախսում պետությունները՝ այս կամ այն ապրանքանիշի հանդեպ ձևավորելու համար դրական վերաբերմունք սպառողների լայն շրջանում նաև երկրի սահմաններից դուրս, և որ ամենակարևորն է՝ ամեն պետություն չէ, որ կարող էր ունենալ Նաիրիտի կաուչուկի պես ապրանքանիշ։
«Հարգելի՛ կուսակցություն, հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ տնտեսության զարգացման երաշխիք հանդիսացող Նաիրիտի հանդեպ ՀՀ կառավարության կողմից դրսևորվող անարդար և անշահեկան գործելաոճը՝ խնդրում ենք Ազգային ժողովում, լրատվական և օրինական այլ միջոցներով բարձրաձայնել Նաիրիտի խնդիրը, օրենքի սահմաններում կատարել քայլեր՝ փրկելու ՀՀ տնտեսության ողնաշարը, որի գինը, ցավոք, չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս մեր երկրի իշխանությունները»։
Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:
2017-ի հունվարին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համակարգող խումբը բաց նամակով դիմել է Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական դաշնակցություն, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն, Համախմբում, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Հայաստանի դեմոկրատական, Ալյանս կուսակցություններին, «Միասնություն» համազգային շարժմանը:





