AM
24 Մարտ 2017 - 05:58 AMT

Նոր Գեղիում թթվածնային կայանի պայթյունից մարդ է զոհվել

Մարտի 24-ին՝ ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող 1966 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: