AM
2 Ապրիլ 2017 - 08:07 AMT

Օսկանյանը քվեարկել է հանուն իշխանափոխության

Ազգային ժողովի ընտրություններում թիվ 9/59 տեղամասում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանին ոչ մի կերպ չի հաջողվել մատնահետքեր թողնել սարքի մեջ: Վերջին հույսը ճկույթն էր, բայց սարքը չկարողացավ վերցնել մատնահետքը: Այնուամենայնիվ, թեկնածուին թույլ են տվել քվեարկել:

Ավելի վաղ ընտրություններում գրանցվելու համար օգտագործվող սարքը չի ճանաչել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կենսաչափական անձնագրի տվյալները, ինչից հետո նախագահը տվել է հանձնաժողովի անդամին սովորական անձնագիրը: Դժվարություններ են եղել նաև մատնահետքը նույնականացնելու հարցում:

Վարդան Օսկանյան ասել է, որ ինքը քվեարկել է իշխանափոխության համար. «Այս իշխանություններով երկիրը ապագա չի կարող ունենալ»:

Անդրադառնալով հարցին, թե ՕՐՕ դաշինքը մի շարք ահազանգեր է գրանցել, որ կարմիր գրիչներ են բաժանում, թելեր, ուզում են վերահսկել ընտրողներին, դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Դե նայենք օրվա մեջ ինչ կլինի: Սկիզբը մի քիչ ահազանգերը շատ են, կարծում եմ, տեսնենք օրվա մեջ ինչ կլինի», մեջբերում է Aravot.am-ը:

Այն, որ սարքը մատնահետքը չի կարդաց՝ Օսկանյանին այնքան էլ մտահոգիչ չի թվում՝ «Մատնահետքերի բազա չկա, միակ հնարավորությունը, որ տալիս է սարքը՝ օրվա ընթացքում նույն մարդը նույն տեղում չքվեարկելն է: Թերևս այս ընտրություններում մատնահետքի իմաստը դա է, եկեք ճիշտ հասկանանք: Սա կարող է հաջորդ ընտրությունների համար օգտակար լինել»:

Օսկանյանը հույս է հայտնել, որ նորմալ ընտրություններ կլինեն. «Ոչ մեկին պետք չի ընտրություն, որի արդյունքներին հասարակությունը կասկածով է նայելու, դա լավ բանի չի բերի: Հուսով եմ՝ իշխանությունները կսթափվեն իսկապես»:

Վարդան Օսկանյանն ասել է նաև, որ փող բաժանելով, գրիչներ տալով՝ կարծես թե իշխանությունները նույնն են անում, ինչ նախորդ ընտրություններին:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: