AM
2 Ապրիլ 2017 - 08:19 AMT

ԵԱՀԿ դիտորդ. Գնահատականը կլինի վաղը, պետք է ավելի խորը հասկանանք՝ ինչ է կատարվել այսօր

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գեիր Ջորգեն Բեկևոլդը մեկ ժամից ավելի է Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում էին: Նրանք հետևել են նաև ՀՀ նախագահի քվեարկության ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում Գեիր Ջորգեն Բեկևոլդն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշախանություններին ու ժողովրդին ջերմ ընդունելության համար: Այսօր ոչ մի գնահատական չենք տա: Գնահատականը կլինի վաղը: Մեր առաքելության մեջ ընդգկված է 300-ից ավելի դիտորդ, կսպասենք վաղվան, որպեսզի ավելի խորը հասկանանք՝ ինչ է կատարվել այսօր», հայտնում է Panorama.am-ը:

Իգնասիո Սանչես Ամորն ասել է. «Հուսով ենք մարդկանց վերաբերմունքը, մշակույթը ընտրությունների հանդեպ կփոխվի»:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9: