AM
2 Ապրիլ 2017 - 08:34 AMT

Փաշինյան. Քվեարկության ընթացքը պետք է գնահատել ընտրությունների ավարտին

ԵԼՔ դաշինքի երրորդ համար, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քվեարկել է ԱԺ ընտրություններին:

Նա նշել է, որ ահազանգներ կան, որ ընտրողներից պահանջում են լուսանկարել քվեաթերթիկը, բայց դրանք ստուգման փուլում են: Փաշինյանն ասել է նաև, որ ԵԼՔ-ը ունի ահազանգեր կանաչ գրիչներ օգտագործելու վերաբերյալ:

Պատգամավորի խոսքերով, ընտրությունների ընթացքը պետք է գնահատել ընտրությունների ավարտին, քանի որ հնարավոր է, կարծիք հնչեցնելուն զուգահեռ ինչ-որ իրադարձություն տեղի ունենա, որը կփոխի նաև գնահատականը:

Փաշինյանը հայտարարել է, որ եթե դաշինքը տեսնի, որ իր ձայնը գողացել են, հետընտրական պրոցեսներ կլինեն, եթե ոչ՝ չեն լինի: «Եթե ժողովուրդը մեզ ձայն չի տալիս, ուրեմն՝ ում ձայնը տվել են, տվել են մանդատ»:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: