Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առողջական խնդիրներ է արձանագրել «Սասնա ծռերի» Արամ Մանուկյանի մոտ: Նա պահանջել է, որ վնասվածքաբանն այցելի Մանուկյանին:
«Ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Արամ Մանուկյանին, որովհետև փաստաբանն ասել էր, որ ջերմությունը բարձր է, չի իջնում: Հիմա պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբանը այցելի, որովհետև թե՛ փաստաբանը, թե՛ Արամ Մանուկյանը նշում են, որ դա ոտքի մեջ տեղադրված երկաթե միջամտության արդյունքում է առաջացել», – լրագրողների հետ զրույցում ասել է Արման Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ Արամ Մանուկյանի առողջական վիճակի հետ կապված ՄԻՊ աշխատակազմը արձանագրել է մի քանի խնդիր և միջոցներ է ձեռնարկում դրանց կանխարգելման համար:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, 2016-ի հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:
Արամ Մանուկյանը հրազենային վնասվածք ունի ոտքերի հատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ընթերցեք նաև. ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ. Յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է





