AM
14 Ապրիլ 2017 - 08:09 AMT

Ինչպես են ժառանգվում կուտակային կենսաթոշակային միջոցները

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են նրա ժառանգների կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն:

Ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին: Էական չէ նաև, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն ամեն դեպքում ժառանգելի են:

Մասնակցի մահվան դեպքում ժառանգության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մասնակցի ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական Դեպոզիատրիա, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված համապատասխան դրամական միջոցները ստանալու կամ այդ միջոցները իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու համար:

Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային եղանակով` հաշվի օպերատորների միջոցով, կամ համացանցի օգնությամբ` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի միջոցով` կցելով ժառանգության վկայականի պատճենը:

Դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը և համապատասխան միջոցների վճարումը ժառանգին: Եթե մասնակիցը չունի ժառանգ կամ նրա մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին, մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ, որից հետո համապատասխան դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

2016-ի նոյեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է մոտ 155.000 մարդ, որից 65.000 պետական համակարգի աշխատակիցներ են: Մնացած 90.000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են: