Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են կարկտահարությունից գյուղատնտեսական կուլտուրաների վնասը մեղմելու համար ավտոմատ հրթիռային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ու ՌԴ «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի պատվիրակության հանդիպման ընթացքում ընկերության կոմերցիոն տնօրեն Ալի Աբշաևը ներկայացրել է առաջարկվող նոր տեխնոլոգիաների ընդհանուր բնութագիրը և պաշտպանվող տարածքներում կիրառման ձևերը:
Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ըստ նախնական հաշվարկների՝ միջինում բերքի 5-6 տոկոսը վնասվում է կարկտաբեր ամպերից: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս 80-90 %-ով կրճատել վնասը: Կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները, կազմել անհրաժեշտ կայանների տեղադրման քարտեզը:
Աբշաևը նշել է, որ հրթիռը որևէ պայթուցիկ, վտանգավոր նյութ չի պարունակում ու անվտանգ է նաև ինքնաթիռների համար, քանի որ գործարկման առավելագույն բարձրությունը 5-6 կմ է:
Նախարար Տոնոյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ձևավորել աշխատանքային խումբ և ներկայացնել պիլոտային ծրագրի նախնական տարբերակը:
Կարկուտի դեմ ՀՀ-ում այժմ պայքարում են կարկտակայաններով, որոնք, սակայն, հաճախ չեն արդարացնում սպասելիքները: Կարկուտը վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար գյուղացիների բողոքի ցույցերի պատճառ է դառնում, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում արտահանման ու ներքին սպառման ցուցանիշների վրա:





