Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հայտարարել է, որ սատարում է և պատրաստ է ֆինանսավորել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
«Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ է Երևանի քաղաքապետ լինել: Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր ծիրանիին», այդ թվում և ֆինանսապես, եթե անհրաժեշտությունը լինի»,- ասել է Գրիգորյանը:
«Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնելու Երևանի պատմության այս անփառունակ էջին»,- համոզված է Գրիգորյանը:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:
Կարդացեք նաև՝ Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները հրապարակվել են





