«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստեր՝ Լիլիթ Դրամփյանի վիճակը կայուն է՝ դրական դինամիկայով: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Փոստանջյանը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ:
«Ամբողջ գիշեր հիվանդանոցում ենք եղել: Աղջիկս զարկերակային ճնշման հետ կապված խնդիր ուներ՝ բարձրանում էր: Բարեբախտաբար, այժմ կայունացել է, դեպի լավն է գնում: Դեռ որոշ հետազոտություններ պետք է անցնի»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի դուստրը հիվանդանոց էր տեղափոխվել ոտիկանության ներկայացուցիչների հետ վիճաբանությւոնից հետո՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Ավելի վաղ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 14-ին Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերել է հանցագործության փաստ` ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ:
«Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, և փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Հասկանալով և վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ և բիրտ միջոցներ կիրառելով` ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Փոստանջյանին և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին։
Այնուհետև,փորձելով խուսափելով ապօրինի գործողությունները շարունակելուց, Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայումս Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո»,- ասված է ԵԾ հաղորդագրության տեքստում:
Կարդացեք նաև՝ ԿԸՀ. ՀՀԿ-ն հաղթել է ավելի քան 70% հավաքելով





