Մայիսի 14-ին՝ ժամը 24.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ:
Ոստիկանության հաղորդմամբ, ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:
Հետաքննություն է կատարվում 34 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:
Մնացած 65 ահազանգը ստուգման փուլում են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի նախնական տվյալները, ըստ որի իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով:ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը:





