AM
19 Մայիս 2017 - 13:39 AMT

Հայ բժիշկները Սուդանում կփոխարինեն «Ավրորայի» հավակնորդին

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու«Ավրորայի» հավակնորդԹոմ Քաթինային և շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը:

Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տևական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ամբողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո:

Ամերիկացի բժիշկ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Հայ բժիշկներ Նուբայի լեռներում ժամանակավորապես կփոխարինեն Թոմ Քաթինային և կշարունակեն նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

Արմինե Բարխուդարյանը Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին կմիանա Սուդանում, նա մի քանի ամիս է մարդասիրական առաքելությամբ Քենիայում է՝ աշխատում է Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում:

Երեք հայ բժիշկները հիմա սպասարկում են Նուբա լեռներում ապրող մարդկանց. նրանց համար մարդկային կյանքն առաջնային է, իսկ երազանքը մեկն է՝ խաղաղությունը:

«Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելությունդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտություն աջակցելու մերօրյա հերոսին, և երբ նրան երախտագիտություն հայտնելու լավագույն ձևն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում ծառայում են «Գթության մայր» հիվանդանոցում»,- ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: