ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիսի 30-ին Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, բացի այդ, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի, Արմեն Ամիրյանը՝ մշակույթի, Լևոն Ալթությանը՝ առողջապահության նախարար։
ՀՀ նախագահի մայիսի 25-ին ստորագրած հրամանագրերով միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը:
Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, որը զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար:





