Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որի ստեղծման համար իրավական ակտերում փոփոխություններ են նախատեսված:
Ներկայացվող նախագծերի փաթեթով երեք հիմնական կարգավորում է առաջարկվում: Առաջինը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին:
«Փոփոխությունների առանցքը հետեւյալն է՝ հայտարարագրեր ներկայացնողների ցանկն ընդլայնվում է եւ այսօրվա պաշտոնատար անձանցից, որոնք թվով հաշվվում են մոտ 500-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտավորապես 2 հազար 200 հոգի», – ասել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, մեջբերում է Ա1+-ը։
Այդ ցանկում կներառվեն բոլոր քննիչները, բոլոր դատախազները, ԴԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները եւ գնումների բողոքարման խորհրդի անդամները:
2017-ի մայիսին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը:
Մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:





