AM
9 Հունիս 2017 - 09:12 AMT

Ավտոբուսի պայթյունից տուժած թումոնցիները վարակվել էին հեպատիտ Ց-ով. Աղբյուրը, հնարավոր է, պայթեցնողն էր

2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածներից Թումոյի 2 սան՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն,վարակվել էին հեպատիտ Ց վիրուսով։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.«Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։Մեր բժիշկների արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։

Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։ ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»:

Նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց, որ տղաների վարակվելու հարցող նախարարությունումհատուկ հանձնաժողով էր կազմվել, որը ստուգել էր այն երեք հիվանդանոցները, որտեղ պայթյունից հետոբուժում են ստացել տղաները (Արմենիա ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Էրեբունի ԲԿ): Այդ հիվանդանոցներում վարակվելու հնրավորության նշաններ չեն հայտնաբերվել:

«Հիմնական վարկածը մնում է այն, որ վարակը փոխանցվել է ավտոբուսը պայթացնողից, որը բանտում է նստել, նրա մոտ այդ վիրուսի լինելու հավանականությունը մեծ է, իսկ երկու տղաների մարմնի վերքերում էլ եղել է այդ մարդու ոսկորներից մասեր», – պարզաբանեց Հայթայանը:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8՝ այդ թվում37-ամյա հղի կինը ով մայիսի 2-ին դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Զոհվածներից մեկը ատամնաբույժ էր, մյուսը՝ հենց ավտոբուսը պայթացնողը:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:

Ավելի վաղ, դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հանդեպ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել, սակայն պայթյունը ժամանակից շուտ՝ ավտոբուսում է տեղի ունեցել: