Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության բացարձակապես խաղաղ կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո։
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ: Մենք սերտ գործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի գործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից:
Ընդգծվել է պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցության անհրաժեշտությունը»,- ասել է Սարգսյանը:
Հանրապետության նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում էին նաև առևտրատնտեսական գործակցության գործնական հարցերը, որը պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին:
«Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները:
Ուրախալի է, որ երկար դադարից հետո աշխատանքները վերսկսել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի համանախագահության անցումը նախարարական մակարդակի՝ կհաստատի նման որոշման անհրաժեշտությունը, իսկ բուն միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կերպով առաջ կմղի տնտեսական կապերի ողջ համալիրը, կնպաստի դրանց հետագա դիվերսիֆիկացիային և փոխշահավետ նոր նախագծերի գործարկմանը: Այդտեղ մենք կարևոր դեր ենք հատկացնում նաև անմիջականորեն մեր երկրների գործարար համայնքներին, որոնց ներկայացուցիչները հանդիպում են այսօր կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում:
Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ:
Այսօր երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում»,- նշել է Սարգսյանը:





