AM
15 Հունիս 2017 - 08:32 AMT

Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցն ավարտվել է

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մինչև այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 14-ին Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»: