Կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանի օրակարգի հիմնական հարցը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է:
Ըստ օրակարգի, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկելու է նաև «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նպատակն օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն խմ չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչև 270 մլն խմ:
Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության մշակած նախագիծը, ըստ որի նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։
ԱԺ նստաշրջանի օրակարգում են նաև Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի գործունեության մասին հաղորդումները:





