AM
18 Հուլիս 2017 - 12:20 AMT

Զինծառայողների իրավունքները երաշխավորող օրինագծեր են մշակվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.

– նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,

– հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,

– բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,

– օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,

– հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,

– բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,

– հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,

– օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի: